Պիեզոէլեկտրական գործիքակազմի պատմությունը և ճանաչումը
Սկսենք պատմությունից։ Սա ամենևին էլ նորույթ չէ, որն առաջին անգամ է կիրառվում վիրաբուժության մեջ և դեռ բավարար կլինիկական նյութ չի հավաքել անվտանգ օգտագործման համար: Պիեզոէլեկտրական գործիքների մասին առաջին հիշատակումն արվել է ավելի քան 40 տարի առաջ՝ դիմածնոտային վիրաբույժ Հորթոնի կողմից։
Ռինոպլաստիկայում պիեզոյի կիրառման վերաբերյալ գրականության մեջ ամենավաղ հիշատակումն արվել է 10 տարի առաջ։ 2007 թվականին իտալացի վիրաբույժ Ռոբիոնին հրապարակեց մի աշխատություն՝ «Պիեզովիրաբուժությունը՝ օստեոտոմիայի նոր մեթոդ ռինոպլաստիկայում» վերնագրով։
2017 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) պաշտոնապես հաստատեց ուլտրաձայնային գործիքների կիրառումը ռինոպլաստիկայում։
Հայաստանում առաջինը, ով կիրառեց պիեզոն դիմածնոտային վիրաբուժությունում, իմ ընկեր և գործընկեր Վարդան Էդուարդի Հովակիմյանն էր։ 2017 թվականի նոյեմբերից պիեզո-սարքի վերջին սերունդը կիրառվում է նաև իմ պրակտիկայում։
Ինքս երկար տարիներ օգտագործել եմ և օգտագործում եմ ավանդական գործիքներ, բայց երբ սկսեցի օգտագործել պիեզո, հասկացա, թե ինչպիսի մեծ առաջընթաց է դա։
Ավանդական գործիքների թերությունները
Ավանդական օստեոտոմիայի և խարտոցներով ոսկրի մշակման ժամանակ առաջանում է փափուկ հյուսվածքների զգալի վնասվածք: Իմ պրակտիկայում ես ի սկզբանե հրաժարվել եմ սահմանափակիչով (բշտիկով) օստեոտոմներից։ Դրանց համար անհրաժեշտ է թունել ստեղծել, ապա մատով ամուր ֆիքսել՝ ոսկորի կոտրվածքի գիծը ճիշտ ուղղորդելու համար։ Ընդ որում, վիրահատության ավարտին հիվանդի մոտ արդեն նկատվում է զգալի էկխիմոզ, և քիթը սկսում է արագ այտուցվել։
Ուլտրաձայնի (պիեզոսարքի) առավելությունները
Քանի որ սարքը չունի շարժվող մասեր, պիեզոյով աշխատելիս ֆիզիկական որևէ ջանք գործադրելու կարիք չկա։ Ես դա հատկապես գնահատեցի, երբ հիշեցի, թե քանի անգամ են մատներս կծկվել լարվածությունից օստեոտոմիայի ժամանակ, կամ երբ դաստակս սկսում է ցավել սովորական խարտոցով ամուր ոսկոր ունեցող մեծ սապատը տաշելիս։
Ուլտրաձայնը ընտրողաբար ազդում է միայն ամուր ոսկրային հյուսվածքի վրա։ Ընդ որում փափուկ հյուսվածքները, արյան անոթները և աճառները չեն վնասվում։ Որպես արդյունք՝ նվազագույն այտուց և էկխիմոզ։ Մեկ շաբաթ անց հիվանդների ճնշող մեծամասնությունը գալիս է գրեթե առանց կապտուկների։
Արտաքին 2 մմ-անոց օստեոտոմից նույնպես դադարել եմ օգտվել՝ մաշկի վնասման պատճառով, թեկուզև նվազագույն։ Շատ պացիենտներ առանց այն էլ նյարդայնանում են կոլումելայի վրա եղած նուրբ սպիի համար, իսկ այստեղ ևս 2-4 մինի-սպիեր արդեն տեսանելի վայրում։ Ես վաղուց օգտագործում եմ 3 մմ ուղիղ օստեոտոմ՝ առանց սահմանափակիչի և առանց թունել ստեղծելու։
Շատ տհաճ բարդություն են ոսկրերի չվերահսկվող կոտրվածքները, որոնք առաջանում են օստեոտոմի և մուրճի օգտագործումից: Հատկապես ոսկրի հին, վնասված տեղամասով անցնելիս։ Պիեզոյի օգնությամբ կարելի է գործնականում նախշեր կտրել ոսկորի վրա՝ չվախենալով չվերահսկվող կտրվածքներից և կոտրվածքներից։
Ավելի ճշգրիտ աշխատանք ոսկրային կառույցների վրա։ Պիեզոյի միջոցով դուք ոչ միայն շոշափելիորեն զգում եք, այլև տեսնում եք, թե ինչպես է իդեալականորեն տաշվում ոսկրի ցանկալի հատվածը:
Սարքի աշխատանքի ընթացքում ուլտրաձայնային կավիտացիան տալիս է ևս մեկ հաճելի բոնուս՝ լրացուցիչ հեմոստազի և ասեպտիկայի տեսքով:
Ուլտրաձայնային ռինոպլաստիկայի (Ultrasound Rhinoplasty) առավելությունները
Եթե ամփոփենք, ապա կարելի է առանձնացնել մեթոդի հետևյալ առավելությունները.
- Մեթոդի գիտականորեն ապացուցված արդյունավետությունը,
- Փափուկ հյուսվածքների նվազագույն վնասվածք,
- Ոսկորի վրա շատ ճշգրիտ և կանխատեսելի աշխատանք,
- Լրացուցիչ ասեպտիկա և հեմոստազ վիրահատության ժամանակ,
- Պացիենտների արագ վերականգնում՝ նվազագույն կապտուկներով և այտուցներով:















































































































































































































































