Ռինոպլաստիկան, թերևս, դեմքի ամենաբարդ վիրահատական միջամտություններից մեկն է։ Այլ վիրահատություններ կարող են լինել անատոմիորեն բարդ, պահանջել մեծ ֆիզիկական ուժ կամ տևել մինչև վիրաբույժի լիակատար հյուծումը, սակայն ռինոպլաստիկան՝ վիրահատություն է գիտության և արվեստի սահմանագծին։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պահանջվում է թերությունների մանրակրկիտ գնահատում, համապատասխան մեթոդիկայի ընտրություն, գործողությունների հստակ պլան և կատարման կատարելագործված տեխնիկա։
Ցանկացած վիրահատական միջամտություն կարող է բարդություններ առաջացնել, չէ՞ որ չի սխալվում միայն այն վիրաբույժը, ով չի վիրահատում։ Հնարավոր բարդությունների և հետևանքների մասին գիտելիքներն անհրաժեշտ են ճիշտ որոշում կայացնելու, նման դեպքերի քանակը կրճատելու, դրանց լրջությունը նվազագույնի հասցնելու և առաջացման դեպքում դրանք բուժելու համար։
Ռինոպլաստիկայի որոշ բարդություններ կապված են անզգայացման հետ և նկարագրված չեն այս հոդվածում։ Ընդհանուր կամ տեղային անզգայացման նկատմամբ անաֆիլակտիկ ռեակցիաները կասկածի տակ են դնում անեսթեզիոլոգի, վիրաբույժի և օգնականների գիտելիքներն ու հմտությունները։
Ռինոպլաստիկայի բարդությունները կարող են բաժանվել 4 կատեգորիայի:
- Վիրահատության ընթացքում առաջացող,
- Վիրահատությունից անմիջապես հետո առաջացող,
- Շուտափույթ (վաղ),
- Հետաձգված (ուշացած)։
Ի՞նչ է բարդությունը։
Ընդհանուր առմամբ, բարդությունը կարող է նկարագրվել որպես վիրահատության ընթացքում կամ դրանից հետո բժշկական կամ վիրահատական հանգամանքի անսպասելի դրսևորում, որը պահանջում է առանձին ուշադրություն։ Նման դեպքերը հեշտ է ճանաչել, մինչդեռ էսթետիկական բարդությունները շատ ավելի դժվար է բացահայտել, քանի որ դրանք հիմնված են վիրաբույժի տեսլականի և իր սեփական մարմնի մասին պացիենտի պատկերացումների վրա։ Վերջին գործոնը կարող է տարբեր ձևեր ընդունել.
- Պացիենտի արտաքին տեսքը. ինչպե՞ս են նրան տեսնում շրջապատողները։ Հասարակության մեջ գոյություն ունեն գեղեցկության և տգեղության որոշակի նորմեր։ Այս ստանդարտներն իրենց վրա պրոյեկտելով՝ պացիենտը կարող է իրեն խոցելի զգալ,
- Պացիենտի կողմից իրականության ընկալումը. ինչպե՞ս է նա ինքն իրեն տեսնում։ Արդյո՞ք այդ զգացողությունը համընկնում է նրա հետ, թե ինչպես են նրան տեսնում շրջապատողները,
- Կարևորության աստիճանը, որը պացիենտը տալիս է իր արտաքինին. ոմանք կարող են ընդհանրապես չմտածել այդ մասին, իսկ ոմանք արտաքին տեսքին հսկայական նշանակություն են տալիս,
- Իր արտաքինից պացիենտի բավարարվածության աստիճանը. դժգոհությունը կարող է տատանվել թեթև անբավարարվածությունից և մտահոգությունից մինչև դիսմորֆիկ խանգարումներ, որոնք հանգեցնում են կպչուն վիճակների։ Պլաստիկ վիրաբուժության կլինիկաների հաճախորդների մոտ 2%-ին անհրաժեշտ է հոգեբույժի գնահատում։
Էսթետիկական ընկալմանը դժվար է սահմանում գտնել, ուստի վիրահատության արդյունքը միշտ անկանխատեսելի է։ Այն կախված է ժամանակակից նորաձևությունից, զանգվածային լրատվամիջոցների ազդեցությունից, մշակութային և էթնիկ առանձնահատկություններից։
Գործնական տեսանկյունից քթի գեղեցկությունը հիմնված է երեք ցուցանիշների վրա՝ ճակատային, լայնական և բազալ դեֆեկտների լայնության և բարձրության հարաբերակցության։ Դրա հիման վրա ստեղծվում է քթի եռաչափ մոդելը։ Ռինոպլաստիկայի նպատակն է բարելավել առկա ներդաշնակությունը՝ առանց խախտելու ֆունկցիոնալ կառուցվածքը։
Բարդությունների հաճախականությունը
Գրականության մեջ արձանագրված տվյալների համաձայն՝ քթի վիրաբուժության ժամանակ բարդությունների քանակը հասնում է 4–18,8%-ի։ Յուրաքանչյուր կոնկրետ վիրաբույժի մոտ այս ցուցանիշը նվազում է փորձի կուտակմանը զուգընթաց։ Մաշկի և փափուկ հյուսվածքների հետ կապված բարդությունները տեղի են ունենում դեպքերի 10%-ում։ Միջին հաշվով, ծանր համակարգային կամ կյանքին սպառնացող հետևանքներ առաջանում են վիրահատությունների 1,7–5%-ից հետո։ Ներգանգային բարդությունները չափազանց հազվադեպ են։
Նկարագրություն
Ռինոպլաստիկայի բարդությունների կլինիկական դրսևորումները կարող են դասակարգվել հետևյալ կերպ.
- Ֆունկցիոնալ,
- Վարակային (ինֆեկցիոն),
- Էսթետիկական,
- Հոգեբանական,
- Յուրահատուկ (սպեցիֆիկ)։
Բարդություններ վիրահատության ընթացքում
Չափից ավելի արյունահոսություն
Սա կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի կոագուլոպաթիայի (արյան մակարդելիության խանգարման) հետևանք։ Նման հանգամանքները պետք է բացահայտվեն դեռևս վիրահատությունից առաջ։ Անսպասելիորեն չափից ավելի արյունահոսության ի հայտ գալու դեպքում պահանջվում է արյունաբանի (հեմատոլոգի) շտապ խորհրդատվություն։ Որպես կանոն, ձեռքբերովի կոագուլոպաթիան հրահրվում է դեղամիջոցների, ամենից հաճախ՝ ասպիրինի ընդունմամբ։ Դրա ընդունումը պետք է դադարեցվի վիրահատությունից 2 շաբաթ առաջ։
Հիմնականում չափից ավելի արյունահոսության պատճառը ֆիբրինոլիզն է։ Դա տեղի է ունենում ֆիբրինոլիտիկ համակարգի անոմալ ակտիվացման պատճառով, ինչի հետևանքով մակարդված արյունն անմիջապես լուծվում է։ Ախտորոշման համար անհրաժեշտ են արյան մեջ ֆիբրինոգենի և դրա քայքայման արգասիքների պարունակության անալիզներ։ Արյունահոսությունը դադարեցնելու համար օգտագործում են արյան պատրաստուկներ, նորլեյցին և տրանեքսամաթթու։ Սակայն այս նյութերը կարող են առաջացնել խորանիստ երակների թրոմբոզ և թոքային էմբոլիա։
Նաև վիրահատության ընթացքում արյան լճացումը կարող է հանգեցնել չափից ավելի արյունահոսության՝ բարդացնելով վիրաբույժի աշխատանքը։ Դա տեղի է ունենում դեպքերի 0,3–1%-ում։
Լորձաաճառային լաթերի պատռվածքներ
Վիրահատության համբերատար և մանրակրկիտ կատարումը սովորաբար թույլ է տալիս խուսափել նման բարդություններից, այնուամենայնիվ, դրանք կարող են տեղի ունենալ, եթե քիթը նախկինում վնասվել կամ վիրահատվել է։
Միակողմանի պատռվածքները կլավանան ինքնուրույն, սակայն երկկողմանի սիմետրիկ պատռվածքները կարող են հանգեցնել միջնապատի թափածակման (պերֆորացիայի) և հետագա բարդությունների։ Նման պատռվածքները փակվում են անմիջապես վիրահատության ժամանակ։ Սխալ փակումը կարող է հանգեցնել կպումների առաջացման և քթային անցանելիության խանգարման, ինչը կպահանջի հետագա վիրահատական միջամտություն։
Մաշկի պատռվածք
Այս բարդությունը հնարավոր է մաշկի կտրվածքի ժամանակ, հատկապես քթի կամարի շրջանում։ Վիրաբույժը կարող է խուսափել դրանից միայն չափազանց զգույշ լինելու դեպքում։ Մաշկի պատռվածքը կհանգեցնի սպիերի առաջացման, ուստի կարերը պետք է դրվեն նվազագույն ձգվածությամբ։ Եթե, այնուամենայնիվ, սպի հայտնվի, կարող է պահանջվել հետագա թերապիա։
Այրվածքներ
Կարող են տեղի ունենալ սարքավորումների անսարքության կամ վիրաբույժի սխալի պատճառով։ Ուստի կոագուլյատորի (այրման գործիքի) օգտագործման ժամանակ անհրաժեշտ է առանձնահատուկ զգուշություն։ Այրվածքի առաջացման դեպքում ձեռնարկվում են տարբեր միջոցներ՝ կախված հանգամանքներից։ Մաշկի նեկրոզը կհանգեցնի սպիի առաջացման։
Ոսկրային բուրգի քայքայում (կոտրում)
Քայքայումը կարող է տեղի ունենալ օստեոտոմի օգնությամբ ոսկրային կուզը հեռացնելիս, հատկապես եթե պացիենտն արդեն ունեցել է քթի վնասվածքներ, կամ եթե խոփոսկրը (տափակ, սեղանարդաձև ոսկր, որը կազմում է քթի միջնապատի հետին մասը) կամ մաղոսկրը վնասվել են նախկինում կատարված վիրահատությունների ժամանակ։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում խարտում ռաշպիլով։
Շտկումը պահանջում է բեկորների զգույշ տեղադրում և լավացման ընթացքում մշտական ներքին ու արտաքին ֆիքսացիայի ապահովում։
Վերին լատերալ աճառի էկզարտիկուլյացիա (անջատում)
Այս բարդությունը կարող է առաջանալ ռաշպիլով ոսկրը խարտելիս։ Երկկողմանի էկզարտիկուլյացիան ձևավորում է շրջված V-աձև դեֆորմացիա, միակողմանին՝ հանգեցնում է քթի միջին երրորդականի ասիմետրիայի։ Հյուսվածքների լաթերի տեղադրումը կվերացնի օդափոխության ախտանիշները և էսթետիկական թերությունները։
Բարդություններ օստեոտոմիայից հետո
«Փոսություն»։ Նման դեֆորմացիան ճակատա-քթային անցման ոսկրի վերին հաստ մասի կոտրվածքի հետևանք է։ Կտրված ոսկրը նեղացնելու փորձը կհանգեցնի վերին սեգմենտի լատերալիզացիայի (դեպի դուրս տեղաշարժման)։ Կոտրվածքը պետք է տեղաշարժել քթոսկրով ավելի ներքև։
«Բաց տանիք»։ Եթե կողմնային սեգմենտները չեն համընկնում քթի մեջքի հետ, առաջացած բացվածքը կդառնա տեսանելի և շոշափելի։ Եթե դա անուշադրության մատնվի, լորձաթաղանթը կաճի դեպի վերևից կախված փափուկ հյուսվածքները և ճնշում կստեղծի։ Շտկումը ենթադրում է քթի մեջքի կենտրոնացում և կողմնային սեգմենտների հավասարեցում։ «Բաց տանիքի» պատճառ կարող է դառնալ.
- Օստեոտոմիայի ժամանակ գանգի ոսկրի ճաքը,
- Բեկորները կենտրոնացնելու անհնարինությունը,
- Քթի մեջ չափից ավելի խիտ տամպոնադան։
«Աստիճանաձև» դեֆորմացիա։ Այն ձևավորվում է միակողմանի օստեոտոմիայի ժամանակ, որը կատարվում է քթադիմային ակոսի մեջտեղից չափազանց հեռու, այդ դեպքում քթի կողմնային հատվածում ձևավորվում է տեսանելի կուզ։ Շտկումը ենթադրում է կրկնակի օստեոտոմիա։
Պերինազալ վնասվածք
Օստեոտոմիայի ժամանակ, հատկապես նախկինում արդեն վնասված քթերի վրա, մեծ է հին կոտրվածքների վերաբացման հավանականությունը։ Այս ոսկրերը շատ զգայուն են արտաքին ազդեցության նկատմամբ։ Վիրաբույժի սխալը կարող է անդրադառնալ անմիջապես, կամ կարող է դրսևորվել հետագա վարակի տեսքով։ Ակնակապճային արյունազեղումը կամ պանիկուլիտը սպառնալիք են ներկայացնում տեսողության համար և պահանջում են անհապաղ դիմել բժշկի։ Հնարավոր են նաև քթարցունքային համակարգի վնասվածքներ, այդ դեպքում կարող է պահանջվել քթի խոռոչում գրպանիկի բացում։ Եղել են նաև ենթաակնակապճային նյարդի վնասման դեպքեր։ Գանգի վնասվածքի հետ կապված բարդությունները նկարագրված են ստորև։
Բարդություններ, որոնք առաջանում են վիրահատությունից անմիջապես հետո
Շնչառական խոչընդոտներ։ Էքստուբացիայից հետո արյան արտածծումը կարող է կոկորդի կծկում (լարինգոսպազմ) առաջացնել։ Նման դեպքում կարող են պահանջվել մկանային ռելաքսացիա առաջացնող դեղամիջոցներ, ռեինտուբացիա կամ թոքերի արհեստական օդափոխություն։ Քթի տամպոնները կամ շինաները նույնպես կարող են խոչընդոտ դառնալ շնչառության համար։ Ուստի դրանք տեղադրելիս պետք է պահպանել առանձնահատուկ զգուշություն։
Անաֆիլաքսիա։ Անաֆիլաքսիայի հավանականությունն առաջանում է վիրահատության ժամանակ հակաբիոտիկների օգտագործման դեպքում։ Հայտնի են բացիտրացինով տամպոններից և լատեքսից առաջացած անաֆիլակտիկ շոկի դեպքեր։
Տեսողության վատթարացում։ Տեղային անզգայացնողների և անոթասեղմիչ միջոցների ներարկումից հետո հնարավոր է տեսողության ժամանակավոր կամ մշտական վատթարացում։ Դրա պատճառ կարող է դառնալ անոթների կծկումը կամ թրոմբոէմբոլիան, որն առաջացնում է աչքի իշեմիա։ Եթե ախտանիշները չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Շուտափույթ բարդություններ
Արյունահոսություն։ Բարդությունները (ռինոպլաստիկան դրանք հազվադեպ է առաջացնում) տեղի են ունենում դեպքերի 2–4%-ում։ Որպես կանոն, արյունահոսության աղբյուրը տեղայնացվում է անոթասեղմիչ միջոցների օգնությամբ։ Հնարավոր է նաև պատռված անոթի այրում (կոագուլյացիա)։ Կարող են պահանջվել տամպոններ և հակաբիոտիկներով վիրակապեր։
Միջնապատի հեմատոմա։ Կպահանջվի ամենօրյա արտածծում, որպեսզի անցուղին ազատվի արյունից։ Որոշ մասնագետներ դիմում են կտրվածքի և դրենավորող սարքի տեղադրման։ Միջնապատում աբսցեսից խուսափելու համար կիրառվում են հակաբիոտիկներ։
Վարակներ
Վերքային վարակներ։ Ռինոպլաստիկայից հետո նման բարդությունները տեղի են ունենում միայն դեպքերի 2%-ում։ Տեղային պանիկուլիտը, աբսցեսը կամ գրանուլոման վերացվում են հակաբիոտիկների կամ դրենավորման օգնությամբ։ Վարակի առաջացումը կարող է հրահրվել նաև օտարածին նյութերի օգտագործմամբ։
Սեպսիս։ Կարևոր է գիտակցել ռինոպլաստիկայից հետո այս բարդության վտանգը։ Վարակի սրումը կարող է հանգեցնել արյան շրջանառության սուր անբավարարության և օրգանների բազմակի դիսֆունկցիայի։ Բուժման միջոցների թվում են հակաբիոտիկները, հորմոնները, արյան շրջանառության համակարգի անբավարարության թերապիան։
Տոքսիկ շոկի համախտանիշ։ Հետվիրահատական տենդը, փսխումը, փորլուծությունը, արյան ցածր ճնշումը՝ առանց արյան ակնհայտ կորստի, էրիթեմատոզ ցանը՝ ահա այս համախտանիշի նշանները։ Ծանր դեպքերում վիճակը կարող է սրվել։ Մի քանի օր անց սկսվում է ափերի և տապանների թեփոտումը։ Հիվանդության պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկ բակտերիաների կողմից արտադրվող տոքսին-1-ն է։ Այս բակտերիաների կրողներն են առողջ բնակչության 18–50%-ը։
Բուժման ժամանակ ձեռնարկվող միջոցները.
- Քթի տամպոնների հեռացում, բակտերիալ միջավայրի մաքրում,
- Հակաբիոտիկների ընդունում,
- Օրգանիզմի հետազոտություն,
- Արյան շրջանառության համակարգի ագրեսիվ թերապիա։
Քթի վիրաբուժության ժամանակ տոքսիկ շոկի համախտանիշն առաջանում է դեպքերի 0,016%-ում, մահացության մակարդակն այս դեպքում 11% է։
Ենթասուր բակտերիալ էնդոկարդիտ։ Այս ռիսկին ենթակա է սրտի աղմուկներ ունեցող յուրաքանչյուր պացիենտ։ Անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի առողջությանը և կանխարգելման համար հակաբիոտիկներ ընդունել։ Նման բարդության առաջացման դեպքում անհրաժեշտ են արյան անալիզներ։
Ներգանգային վարակներ։ Գանգի ոսկրերի եզրերի մոտիկությունը և ռինոպլաստիկայի ժամանակ վնասվածքային մանիպուլյացիաները մեծացնում են մենինգիտի, սուբդուրալ էմպիեմայի, ներգանգային աբսցեսների հավանականությունը։ Այնպիսի ախտանիշների ի հայտ գալու դեպքում, ինչպիսիք են գլխացավերը, թուլությունը, բարձր ջերմությունը, գանգուղեղային նյարդերի թրթռոցները, պետք է դիմել բժշկի։
Սուր և/կամ քրոնիկ սինուսիտ։ Կարող է դառնալ ռինոպլաստիկայի հետևանք և պահանջում է էնդոսկոպիկ վիրահատական միջամտություն։
Կարերի անջատում։ Սովորաբար սա աննկատ է անցնում։ Կարող են կպումներ առաջանալ, բայց դրանք նույնպես աստիճանաբար կլավանան։ Իսկ ահա միջանցիկ կտրվածքի անջատման դեպքում պահանջվում է շտապ միջամտություն, հակառակ դեպքում սպի է ձևավորվում։
Կայուն այտուց։ Ռինոպլաստիկայի հետևանքները կարող են ներառել սկզբնական այտուցներ և պերիօրբիտալ արյունազեղումներ, որոնք պահպանվում են մինչև 10 օր։ Ծանրության աստիճանը, որով բնութագրվում է այտուցը ռինոպլաստիկայից հետո, կախված է օստեոտոմիայի բարդությունից, կիրառված գործիքներից, վիրահատության տևողությունից, տեղադրված տամպոնների չափից ավելի քանակից, հետվիրահատական փսխումից կամ արյան բարձր ճնշումից։ Այս ամենից խուսափելու և ռինոպլաստիկայից հետո այտուցը կանխելու համար օստեոտոմիայից անմիջապես հետո դրվում է վիրակապ, վիրահատության ժամանակ ներերակային ներարկվում է դեքսամեթազոն, դրա ավարտից հետո գլուխը պետք է մնա բարձր դիրքում, քթին դրվում է սառը կոմպրես, իսկ արյան ճնշումը պետք է գտնվի մշտական հսկողության տակ։ Կայուն այտուց և քթի ծայրի թմրածություն հնարավոր են արտաքին ռինոպլաստիկայի ժամանակ։ Այտուցը ռինոպլաստիկայից հետո կարող է տևել մինչև մի քանի ամիս։
Մաշկի մեռուկացում։ Չափից ավելի վնասվածքները, այրման սարքի անխոհեմ օգտագործումը կարող են հանգեցնել մաշկի մեռուկացման (նեկրոզի)։ Ռինոպլաստիկայի հետևանքները առաջացնում են արյան մատակարարման վատթարացում և վարակներ։ Նույն արդյունքին կարող է հանգեցնել չափազանց ձիգ դրված վիրակապը։ Մեռուկացման դեպքում անհրաժեշտ է սանացիա և կրկնակի լավացում։ Հետագայում սպիից ազատվելու համար կիրառվում են տեղային հորմոնալ ներարկումներ, դերմաբրազիա, լազերային հղկում և նույնիսկ վիրահատական վերականգնում։
Ոսկրի մի մասի մեռուկացում։ Կարող է տեղի ունենալ ոսկրի կամ աճառի մեռուկացում՝ հետագա վարակի առաջացմամբ, տեղաշարժմամբ կամ ուղեկցող խանգարումներով (էսթետիկական կամ ֆունկցիոնալ)։ Նման դեպքերում նախ հակաբիոտիկների օգնությամբ վերահսկողության տակ են վերցնում վարակը, իսկ հետո կատարվում է սանացիա։ Հետագայում կարող է պահանջվել վերականգնողական վիրաբուժություն։
Սիրտ-անոթային անբավարարություն։ Տարեց պացիենտների և սրտի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ քթի տամպոնները կարող են հիպոքսիա առաջացնել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում թթվածնային թերապիա։
Քթային լիկվորեա։ Նման բարդությունների հաճախականությունը չափազանց փոքր է։ Ամենից հաճախ լիկվորեան հրահրվում է նախորդող վնասվածքներով կամ բնածին ոսկրային դեֆեկտների առկայությամբ։ Արտահոսքերի մեծ մասը լավանում է ինքնուրույն։ Եթե դա տեղի չի ունենում, կիրառվում են ներ- և արտագանգային վիրահատական մեթոդիկաներ։
Կոնտակտային դերմատիտ։ Ալերգիան առաջանում է բարձր զգայունություն ունեցող պացիենտների մոտ՝ որպես ռեակցիա դրված վիրակապերին։ Բուժումը ենթադրում է դրանց հեռացում և հակահիստամինային կամ հորմոնալ դեղամիջոցների ընդունում։
Քթանցքերի խցանում։ Ուռուցիկությունը, որն առաջացել է վիրահատությունից հետո, կարող է հանգեցնել քթի մշտական խցանման։ Նման վիճակը սովորաբար կապված է վազոմոտոր ռինոպաթիայի կամ ալերգիկ ռինիտի հետ։ Նրանց, ում չի օգնում դեղորայքային բուժումը, կպահանջվի վիրահատական միջամտություն։
Թմրածություն և ցավ։ Վերին կտրիչների հետևում մշտական թմրածությունը և ցավը կարող են լինել քթաքիմքային նյարդի նևրապրաքսիայի հետևանք։
Հոտառության խանգարումներ։ Վիրահատությունից անմիջապես հետո հոտառության կարճատև թուլացումը լիովին հիմնավորված է և կարող է ունենալ մի քանի պատճառ, օրինակ՝ այտուցը, նեյրոէպիթելի վնասումը կամ որոշ դեղամիջոցների կիրառումը։ Դեմքի վնասվածքներ ունեցած պացիենտները կարող են նախատրամադրվածություն ունենալ օստեոտոմիայի ժամանակ հոտառական համակարգի վնասվածքների նկատմամբ։ Նեյրոտրոֆիկ վիրուսային վարակները, ինչպես և հոգեծին գործոնները, կարող են պատճառ դառնալ վիրահատական միջամտության։ Հոտառության լիակատար կորուստ նկատվում է դեպքերի 1%-ում։
Կարոտիդ-կավերնոզ խուղակ։ Սա հազվադեպ հետվնասվածքային բարդություն է։ Խուղակում ճնշման մշտական տատանումն առաջացնում է աչքի ցավեր, պրոպտոզ (օրգանի կամ դրա մի մասի ախտաբանական տեղաշարժ դեպի առաջ), օֆթալմոպլեգիա (աչքի մկանների կաթված՝ ակնաշարժ նյարդերի ախտահարման հետևանքով), տեսողության վատթարացում և աղմուկներ։ Այս ախտանիշները վկայում են ախտորոշման մասին, որը կարող է հաստատել անգիոգրաֆիան (արյունատար անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության մեթոդ)։
Հավաստիացման պահանջ։ Որոշ պացիենտներ վիրաբույժից պահանջում են մշտական հավաստիացում այն մասին, որ քթանցքերի խցանումը կանցնի, համի և հոտի զգացողությունները կվերադառնան, քթի ծայրы կփոխի իր դիրքը, իսկ այտուցը կիջնի։
Վաղ հոգեբանական բարդություններ։ Հաճախ պացիենտների մոտ լինում են տագնապի կամ դեպրեսիայի կարճատև նոպաներ, որոնք կարող են տևել մինչև 6 շաբաթ։
Հետաձգված բարդություններ
Հիպերտրոֆիկ սպիեր։ Դրանք կարող են փչացնել ցանկացած փայլուն կատարված ռինոպլաստիկայի արդյունքը։ Վարակի կամ մեռուկացման պատճառով մաշկի կորուստը դառնում է իսկական աղետ։ Անհրաժեշտ է փորձել նվազեցնել սպիի չափերը հորմոնալ ներարկումների օգնությամբ։ Այնուհետև կիրառվում են դերմաբրազիա, լազերներ, վիրահատական միջամտություն։
Քթի` կտուցի ձևով դեֆորմացիա։ Դեֆորմացիայի այս տեսակը կայանում է քթի ծայրի իջեցման մեջ։ Պատճառը թաքնված է աճառային մեջքի կամ քթի միջնապատի սխալ շտկման (կոշտ կտուց) կամ սպիի ձևավորման ժամանակ հյուսվածքների ավելցուկի կուտակման մեջ (փափուկ կտուց)։ Շտկումը կայանում է աճառային մեջքի և միջնապատի կրճատման և/կամ փափուկ հյուսվածքների հեռացման մեջ։
Կպումների առաջացում։ Կպումների ձևավորումը կամ սերտաճումը տեղի է ունենում երկու հում մակերեսների հպման ժամանակ։ Կանխարգելման համար օգտագործվում է ստենտավորում։ Վերացման համար կիրառվում է էնդոսկոպիկ անջատում։
Միջնապատի թափածակում։ Նման բարդություն կարող է առաջանալ դեպքերի 3–24,5%-ում։ Փոքր անցքերի համար կարող է կիրառվել վիրահատական փակում։ Ընդհանրապես, գոյություն ունեն կատարման բազմաթիվ մեթոդիկաներ և տեխնիկաներ։ Եթե դրանցից ոչ մեկը արդյունք չի տվել, օգտագործում են միջնապատային կոճակներ։
Քթի կլապանի փլուզում։ Այս բարդությունը լատերալ աճառի կրճատման չափից ավելի ագրեսիվ տեխնիկայի հետևանք է։ Կլապանի փլուզումը կառաջացնի շնչառության դժվարություններ։
Քթանցքերի նեղացում։ Սա չափազանց ծանր բարդություն է, և այն կապված է նոստրիլի ներսի կողմից հյուսվածքների չափից ավելի քանակի հեռացման հետ։ Նեղացումը դժվարացնում է շնչառությունը և առաջացնում մշտական անհանգստություն։ Իրավիճակը կարող է շտկել վերականգնողական վիրաբուժությունը։
Ուռուցիկությունների առաջացում։ Որպես կանոն, դրանք ձևավորվում են քթի ծայրին՝ դեպքերի 2%-ում։ Եթե երկկողմանի սիմետրիկ բլրակները կարող են էսթետիկորեն գեղեցիկ երևույթ լինել, ապա քթի մի կողմում գտնվող ուռուցիկությունը պահանջում է վիրահատական միջամտություն։ Ուստի ռինոպլաստիկայի ժամանակ անհրաժեշտ է համոզվել լատերալ աճառի մնացորդների բացարձակ սիմետրիկության և հավասարության մեջ։ Ամենից հաճախ ուռուցիկությունները ձևավորվում են սիմետրիայի չպահպանման, ռինոպլաստիկայի դեստրուկտիվ տեխնիկաների կիրառման, բարակ մաշկի կամ չափից ավելի մեծ սպիերի ձևավորման պատճառով։
Կրկնվող մենինգիտ։ Մենինգիտի մշտական նոպաները կարող են լինել թաքնված խուղակը բացահայտելու անհնարինության հետևանք։ Բացի հենց մենինգիտի կանգնեցումից, պետք է փնտրել դրա պատճառը։
Օլեոգրանուլոմա։ Վիրահատության ժամանակ կիրառվող չներծծվող ճարպային նյութերը կարող են հրահրել բորբոքային գործընթաց (որը կոչվում է օլեոգրանուլոմա, պարաֆինոմա, յուղային գրանուլոմա, սկլերոզացնող լիպոգրանուլոմատոզ)։ Այլ պատճառները պետք է բացառվեն համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Վիրահատական միջամտության դեպքում հնարավոր է ռեցիդիվ։
Քթի մեջքի կիստա։ Քթի լորձաթաղանթը, որը տեղաշարժվել է ենթամաշկային շերտեր, հանգեցնում է այս հազվադեպ բարդությանը։ Հնարավոր է վիրահատական միջամտություն։
Էսթետիկորեն անբավարար արդյունք
Քթի թերության անբավարար կամ չափից ավելի շտկումը հանգեցնում է կամ առկա դեֆեկտի պահպանմանը, կամ նորի ձևավորմանը։ Վերջին դեպքում կարող են առաջանալ նաև ֆունկցիոնալ խանգարումներ։ Որոշ նոր ձևավորված դեֆեկտներ միայն թվում են և շտկվում են միայն ստույգ ախտորոշումից հետո։ Ընդհանուր առմամբ, կրկնակի ռինոպլաստիկան չպետք է արվի առաջին վիրահատությունից հետո 12 ամսվա ընթացքում։
Նման դեֆեկտները կարող են առաջանալ միասին կամ առանձին-առանձին և սովորաբար վերաբերում են քթի տարբեր մասերի լայնության, բարձրության կամ խորության պարամետրերին։
Վերին երրորդականի դեֆեկտներ
- Խորը քթաճակատային գոգավորություն։ Շտկման համար կիրառվում են տարբեր իմպլանտներ և լաթեր։
- Հարթ քթաճակատային գոգավորություն։ Խորացումը կարող է արվել հպարտների մկանի հեռացման օգնությամբ։ Եթե պատճառը թաքնված է ոսկրի մեջ, ապա կիրառվում է օստեոտոմիա կամ մասնակի հեռացում։
- Վերին երրորդականի լայնացում։ Պատճառը կարող է լինել օստեոտոմիայից հետո քթի ոսկրերի սխալ մեդիալիզացիան կամ գանգի ոսկրերի կոտրվածքները։ Շտկումը ներառում է միջնապատի հավասարեցում և կրկնակի օստեոտոմիա։
- Վերին երրորդականի ուռուցիկություն։ Շտկումը ենթադրում է դեֆեկտի պակասեցում, սովորաբար՝ խարտման մեթոդով։
- Վերին երրորդականի չափից ավելի պակասեցում։ Առաջացած գոգավորությունը պետք է շտկվի։ Եթե բացակայում է միջնապատի մի մասը, այն պետք է վերականգնվի։
- Վերին երրորդականի ասիմետրիա։ Պատճառները կարող են լինել քթոսկրի անհավասար մնացորդները, ասիմետրիկ լավացումը կամ միջնապատի շեղումները։
Միջին երրորդականի դեֆեկտներ
- Միջին երրորդականի լայնացում։ Սովորաբար դա ոսկրի և աճառի սերտաճման և քթի վերին երրորդականի հետագա լայնացման հետևանք է։ Սակայն այս դեֆեկտը կարող է միայն թվացյալ լինել, եթե տեղի ունի քթի ծայրի իջեցում։
- Միջին երրորդականի ուռուցիկություն։ Որպես կանոն, սա կտուցի ձևով դեֆորմացիայի հետևանք է։ Շտկումը կատարվում է աճառի կամ փափուկ հյուսվածքների ավելցուկի հեռացման միջոցով։
- Գոգավորություն միջին երրորդականում։ Կատարվում է ավելացում (աուգմենտացիա) և, անհրաժեշտության դեպքում, միջնապատի վերականգնում։
- Միջին երրորդականի ասիմետրիա։ Պատճառը կարող է թաքնված լինել ոսկրի անհավասար մնացորդների, աճառի միակողմանի տեղաշարժի, ասիմետրիկ լավացման մեջ։
Ստորին երրորդականի դեֆեկտներ
- Ստորին երրորդականի լայնացում և ուռուցիկություն։ Դա տեղի է ունենում աճառի ստորին հատվածի հիմքի քայքայման դեպքում։
- Քթի լայն կամ քառակուսի ծայր։
- Քթի նեղ կամ փոքր ծայր։ Պատճառը կարող է լինել աճառի վերջավորության քայքայումը։ Բացի այդ, կարող է տեղի ունենալ ուռուցիկությունների ձևավորում կամ քթի կլապանի փլուզում։ Քթի ծայրը վերականգնվում է լաթային մեթոդիկաների օգնությամբ։ Շնչառության խնդիրները դիտարկվում են առանձին։
- Քթի ասիմետրիկ ծայր։ Կարող է լինել աճառի կառուցվածքի քայքայման արդյունք։ Շտկումը կախված է պատճառից։ Կարող են օգտագործվել լաթային մեթոդիկաներ։
- Ցցված քթի ծայր։
- Լայն կոլումելա։ Որպես կանոն, սա սկզբնական դեֆեկտն է, որը չի ուղղվել ռինոպլաստիկայի ժամանակ։ Կոլումելայից փափուկ հյուսվածքների ավելցուկը հեռացվում է։
- Կախված կոլումելա։ Պատճառը կարող են լինել միջնապատի խորը տեղակայված «ոտիկները», դրանց հեռացումը և հետագա սպիի ձևավորումը։ Շտկման մեթոդը կախված է պատճառից։
- Կախված քթանցքեր (ալար հուդինգ)։ Պատճառը կարող է լինել միջնապատի ոտիկների չափից ավելի հեռացումը։ Շտկումը կատարվում է միայն ստույգ ախտորոշումից հետո։
- Քթի թևերի դեֆեկտներ (անցքեր)։ Միջնապատի կողմնային ոտիկների չափից ավելի հեռացումը զրկում է քթանցքերը հենարանից, ինչի հետևանքով դրանք փլուզվում են և դժվարացնում շնչառությունը։
- Քթանցքերի ասիմետրիա։ Պատճառը կարող է լինել կոլումելան կամ քթի թևերը։
- Ներս քաշված քթաշրթնային անկյուն։ Պատճառը կարող է լինել միջնապատի աճառի հիմքի չափից ավելի հեռացումը։ Շտկման համար կիրառվում են լաթեր։
- Երկար քթաշրթնային տարածություն։ Այս դեֆեկտը կարող է թվացյալ լինել քթի բարձրացված ծայրի պատճառով։ Հակառակ դեպքում հնարավոր է փափուկ հյուսվածքների ավելցուկի հեռացում կամ քթի մեջքի շտկում։
Այլ
Լաթի/իմպլանտի տեղաշարժ։ Նման բարդություններին դասում են պատվաստվող նյութի ներծծումը, տեղաշարժը կամ մերժումը։ Ալոգեն տրանսպլանտատները շատ ավելի հակված են մերժման և վարակների։ Եվ եթե հակաբիոտիկները չեն օգնում, իմպլանտը հեռացվում է, որից հետո շտկումը կատարվում է նորից։
Անհամաչափ քիթ։ Այն անհարմար է դիտվում և վիրաբույժի անտաղանդ աշխատանքի հետևանք է։ Ստեղծված իրավիճակի գնահատումից հետո կատարվում է վերականգնողական ռինոպլաստիկա։
Դիմածնոտային դեֆեկտներ։ Փայլուն ռինոպլաստիկան կարող է փչանալ, եթե առկա դիմածնոտային դեֆեկտները մնացել են աննկատ վիրահատությունից առաջ։ Երկու ծնոտների, շրթունքների բոլոր բաղադրիչները և ատամների վիճակը պետք է հետազոտվեն նախապես։
Կրկնակի ռինոպլաստիկա պահանջվում է դեպքերի 5–15%-ում։ Շտկման ցանկացած վիրահատություն կատարվում է հետագա ուղղումների անհրաժեշտության հավանականությամբ։
Կայուն հոգեբանական բարդություններ։ Այս թեմայով բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքները բացարձակապես հակասական են։ Ոմանք պնդում են, որ ռինոպլաստիկայի պացիենտներն ունեն հոգեկան խանգարումներ և անձնային խանգարումների նախատրամադրվածություն։ Մյուսները պնդում են, որ նման մարդիկ հոգեկան ախտաբանության նշաններ չունեն։ Որոշ հետազոտություններ էլ ընդհանրապես ապացուցում են, որ վիրահատությունից հետո մարդիկ դառնում են ավելի հանգիստ, նրանց մոտ անհետանում է տագնապայնությունը, թշնամանքը, պարանոիդալ համախտանիշները և բարձրանում է ինքնագնահատականը։ Նույնիսկ անկայուն հոգեկանով պացիենտները ռինոպլաստիկայից դրական արդյունք են ստանում։ Այնուամենայնիվ, ոմանց մոտ հոգեբանական հավասարակշռությունը, միևնույն է, կարող է խախտվել։
Ատամնաբուժական բարդություններ։ Վիրահատության ժամանակ կարող է վնասվել ատամների նյարդաանոթային համակարգը, ինչը հանգեցնում է պուլպայի մեռուկացման։ Բուժումը պետք է իրականացնի ատամնաբույժը։
Համային ռինորեա։ Վիրահատության ժամանակ վնասված նյարդային հյուսվածքների սխալ վերականգնումը հանգեցնում է համային ռինորեայի։ Բուժումը կարող է դժվարին լինել, երբեմն օգնում են հակահիստամինային դեղամիջոցները։
Ադյուվանտային հիվանդություն։ Սա աուտոիմուն հիվանդություն է՝ առաջացած ներպատվաստված նյութի նկատմամբ գերզգայունությունից։ Հաճախ պատառը կարող է լինել գենետիկական նախատրամադրվածությունը։ Որոշ պացիենտների մոտ ախտանիշները կարելի է վերացնել՝ հեռացնելով իմպլանտները։ Հակառակ դեպքում դիմում են ռևմատոլոգի։
Արցունքային խուղակ։ Օստեոտոմիայի իրականացման վայրին արցունքային դրենաժային համակարգի մոտիկության պատճառով հնարավոր են դրա վնասվածքները։ Սակայն դա պատահում է չափազանց հազվադեպ։
Էնոֆթալմ և «համր» սինուսի համախտանիշ։ Նման բարդությունները կարող են լինել սեպտորինոպլաստիկայի հետևանք։
Պացիենտի դժգոհությունը
Էսթետիկական վիրահատությունները կարող են ունենալ չորս արդյունք.
- Գոհ պացիենտ – գոհ վիրաբույժ,
- Գոհ պացիենտ – դժգոհ վիրաբույժ,
- Դժգոհ պացիենտ – գոհ վիրաբույժ,
- Դժգոհ պացիենտ – դժգոհ վիրաբույժ։
Վիրաբույժի դժգոհության պատճառն ամենից հաճախ նրա սեփական պերֆեկցիոնիզմն է, իսկ ահա պացիենտի դժգոհությունը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է։ Վիրաբույժը պետք է մանրակրկիտ մոտենա պացիենտների ընտրությանը և հետազոտի նրանց հոգեբանական կարգավիճակը։
Ոչ մի վիրահատական միջամտություն ապահովագրված չէ բարդություններից։ Դա պարտավորեցնում է վիրաբույժին պատրաստ լինել դրանց, իմանալ կանխարգելման միջոցները և շտկման տեխնիկաները։ Պացիենտները նույնպես պետք է տեղեկացված լինեն հնարավոր բարդությունների մասին, որպեսզի վիրահատությունից առաջ կշռադատեն բոլոր հնարավոր ռիսկերը։
Վիրաբույժն էլ իր հերթին նվազագույնի է հասցնում բարդությունները պացիենտների մանրակրկիտ ընտրության միջոցով (ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից)՝ սահմանելով դեֆեկտի տեսակը և ընտրելով շտկման մեթոդը։
Բժշկի առաջարկությունների պահպանումը կօգնի խուսափել հետվիրահատական քթի դեֆորմացիաներից և բազմաթիվ ֆունկցիոնալ խանգարումներից։
Հաջողված ռինոպլաստիկան բժշկի և պացիենտի համատեղ ջանքերի արդյունքն է, որը պահանջում է ոչ միայն վիրաբույժի ոսկերչական ճշգրտություն և բարձր որակավորում, այլև պացիենտի կարգապահ վերաբերմունքը վերականգնողական շրջանի կանոնների նկատմամբ։
Հեղինակ՝ Ելենա Ուշակովա, https://www.1nep.ru











































































































































































