Հայկական քիթը կհայտնվի «Կարմիր գրքում»

Ասում են, որ հայերին բնորոշ մեծ քիթը բարության նշան է։ Սակայն շատերը կարծում են, որ իրենք բարի կլինեն նաև ավելի փոքր քթով։ Հատկապես հայ կանայք, ովքեր գեղեցիկ և անթերի արտաքին ունենալու ձգտումով հաճախ դիմում են պլաստիկ վիրաբույժի օգնությանը։ Այսպիսով, նրանք նախ հայտնվում են պլաստիկ վիրաբույժի կաբինետում, իսկ հետո՝ վիրահատարանում, որտեղ էլ ազատվում են մեծ ու «բարի» հայկական քթից։
Իհարկե, Հայաստանում պլաստիկ վիրաբույժին դիմում են նաև այլ առիթներով, սակայն ճնշող մեծամասնությունը, միևնույն է, կատարում է ռինոպլաստիկա։

«Քթի պլաստիկան Հայաստանում համաճարակի բնույթ է ստանում։ Կատարվող վիրահատությունների թիվն օրեցօր աճում է»,- «ՌԱ»-ի հետ զրույցում նշում է պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յուրիի Եղիազարյանը։ Նա փաստում է, որ գրեթե ամեն օր, իսկ հաճախ նաև օրական մի քանի անգամ, քթի պլաստիկ վիրահատություններ է իրականացնում։

Երկրորդ տեղում օտոպլաստիկան է՝ ցցված ականջախեցիների շտկումը, որին հաջորդում են քիչ ինվազիվ ներարկումային մեթոդները՝ կնճիռների շտկումը և շուրթերի մեծացումը։

Վիրաբույժը նշում է, որ տղամարդկանց և կանանց մոտ ռինոպլաստիկա անցնելու մոտիվացիան տարբերվում է։ Եթե կանայք գալիս են հիմնականում հանուն գեղեցկության, ապա տղամարդիկ նախ և առաջ վերականգնում են շնչառությունը և միայն դրանից հետո մտածում իրենց արտաքին տեսքի մասին։

«Հնարավոր չէ ցանկացած քթից ստանալ ուզած ձևը»

Վիրաբույժը, նկարագրելով ողջ վիրահատական գործընթացը, նշեց, որ իր բոլոր պացիենտներն անցնում են նախավիրահատական համակարգչային մոդելավորում՝ որոշելու համար քթի առավել օպտիմալ ձևը, որը կներդաշնակվի դեմքի դիմագծերի հետ։

Ռինոպլաստիկան իրականացվում է միայն ընդհանուր անզգայացմամբ
Անզգայացումն իրականացվում է նոր սերնդի դեղամիջոցներով, որոնք նվազագույն վնաս են հասցնում առողջությանը։

Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարելն ունի մի շարք թերություններ. վիրաբույժը սահմանափակված է ժամանակի մեջ և շտապում է հնարավորինս շուտ ավարտել վիրահատությունը, քանի դեռ անզգայացնող միջոցի ազդեցությունը չի անցել, ինչը միշտ չէ, որ բարենպաստ է անդրադառնում վերջնական արդյունքի վրա։ Բացի այդ, անզգայացնող միջոցի ներարկման ժամանակ քթի հյուսվածքներն ուռչում են, և պահանջվող ուրվագիծն ստանալը դառնում է գերբարդ խնդիր։

Վիրահատության տևողությունը միջինում կազմում է 1-1.5 ժամ, սակայն երբեմն լինում են առանձնահատուկ բարդ դեպքեր, երբ վիրահատությունը տևում է մինչև 7 ժամ։ Անեսթեզիոլոգն առաջին դեղամիջոցը ներարկում է հենց հիվանդասենյակում, ինչն ազատում է պացիենտին սեփական ոտքով վիրահատարան մտնելու սթրեսից։

Վիրահատությունից հետո քթին տեղադրվում է թերմոպլաստիկից պատրաստված հատուկ ֆիքսող կապ. աղջիկներին՝ վարդագույն, տղաներին՝ կապույտ։ Քթի մեջ սարսափելի մետրանոց տամպոնների փոխարեն տեղադրվում են 8 սմ-անոց հատուկ հեմոստատիկ սպունգներ։ Այս սպունգները չեն կպչում լորձաթաղանթին և հեռացվում են գրեթե անցավ՝ մի քանի վայրկյանի ընթացքում։ Արդյունքում պացիենտը վիրակապարանից դուրս է գալիս դեմքին ժպիտով։

Թերմոպլաստիկե գիպսը քթի վրա մնում է 2 շաբաթ։ Գևորգ Յուրիի կարծիքով՝ երկարատև ֆիքսումը թույլ է տալիս ավելի լավ արդյունքներ ստանալ։ Ռինոպլաստիկայի վերջնական արդյունքը հնարավոր կլինի գնահատել վիրահատությունից մեկ տարի անց։
Առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է քիթը պաշտպանել ցանկացած արտաքին ազդեցությունից։ Վիրահատությունից մեկ տարի անց բոլոր սահմանափակումները հանվում են։

Բացի սովորական ռինոպլաստիկայից, գոյություն ունի նաև ոչ վիրահատական ռինոպլաստիկա, սակայն այն ունի շատ նեղ ցուցումներ։ Ոչ բոլոր քթերն է հնարավոր շտկել այս մեթոդով։ Դրա էությունը թույլ արտահայտված սապատից վերև և ներքև ծավալի մեծացումն է, ինչի արդյունքում քթի թիկնակը հարթվում է։
Աղջիկների ռինոպլաստիկան կարելի է իրականացնել 17 տարեկանից, տղաներինը՝ 18 տարեկանից։ Ցանկալի է քթի պլաստիկա անել բանակում ծառայությունն ավարտելուց հետո։

Տարբեր ուղեկցող քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում վիրահատությունն իրականացվում է միայն ամբողջական, համակողմանի հետազոտությունից հետո և միայն հակացուցումների բացակայության դեպքում։
Հայ պլաստիկ վիրաբույժների ծառայություններին դիմում են բազմաթիվ օտարերկրացիներ, մասնավորապես՝ Ռուսաստանից։

Օտարերկրյա քաղաքացիները, իհարկե, հիմնականում արտերկրի մեր հայրենակիցներն են, բայց կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Պարզվում է՝ նրանք նույնպես հաճախ ունենում են «հայկական» քթեր կամ, ընդհակառակը, ցանկանում են ազատվել շատերի կողմից այդքան ցանկալի «սլավոնական» քթից։ Նրանք նախընտրում են վիրահատվել Հայաստանում, քանի որ մեզ մոտ վիրահատության արժեքը 2-4 անգամ ցածր է։ Բացի այդ, հայ ռինոպլաստ վիրաբույժներին վստահում են նման վիրահատությունների իրականացման մեծ փորձի շնորհիվ։

20-ամյա Շուշանին մի քանի օր առաջ ռինոպլաստիկա է արվել, և հիմա նա իրեն հրաշալի է զգում։ Թեև դեմքը դեռ մի փոքր այտուցված է, բայց դա ժամանակի հարց է։ Որոշ ժամանակ անց հայելու մեջ նայելիս նա կտեսնի ոչ թե մեծ ու սապատավոր քիթ, այլ ուղիղ և գեղեցիկ քթիկ։

Հոգեբան Լիլիա Անտարանյանի կարծիքով՝ եթե քթի տեսքը նորմալ է և չկան լուրջ պատճառներ, բայց մարդը ցանկանում է վիրահատվել, ուրեմն նա ունի հոգեբանական խնդիրներ։ Նա չի ցանկանում ընդունել ու սիրել իրեն։ Այդ դեպքում, նույնիսկ եթե այդ մարդը վիրահատվի, նա գոհ չի մնա իր արտաքինից։ Դրա պատճառները միայն հոգեբանական են։ Մյուս կողմից, եթե իսկապես կա պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն, ապա դրանից հետո բարձրանում է ինքնագնահատականը և բարելավվում կյանքի որակը։ Մարդը կարող է լուրջ հաջողությունների հասնել, այդ թվում՝ գործարար ոլորտում։

Լիլիթ Ասատրյան, Hayastany Hanrapetutyun daily

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Հայտնիներ, ովքեր հաջողված ռինոպլաստիկա են արել. պլաստիկ վիրաբույժի ակնարկ
Ովքե՞ր են Հայաստանում ավելի հաճախ դիմում քթի պլաստիկայի:
Հայտնիներ, ովքեր հաջողված ռինոպլաստիկա են արել. պլաստիկ վիրաբույժի ակնարկ
Ովքե՞ր են Հայաստանում ավելի հաճախ դիմում քթի պլաստիկայի: