Բնությունը ոչ բոլորին է օժտում կատարյալ արտաքինով, սակայն մարդիկ գտել են այս թերությունները շտկելու միջոցը: Այժմ պլաստիկ վիրահատությունների օգնությամբ կարելի է շտկել մարդու մարմնի ցանկացած մաս: Հայտնի փաստ է, որ հայերը հայտնի են իրենց «արծվային» քթերով, և եթե որևէ հայտնի մարդ արծվային քիթ ունի, նրան կատակով իսկույն հայ են դարձնում:
Քթի պլաստիկան Հայաստանում, կարելի է ասել, «ծաղկում է»։
STYLE NEWS.AM-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էսթետիկ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Եղիազարյանն ասում է, որ մարդիկ հիմնականում դիմում են արծվային քթի պատճառով:
Հիմնականում դիմում են քթով շնչառության խանգարման գանգատներով՝ միևնույն ժամանակ որոշելով բարելավել քթի ձևը: Քթի ձևի մեջ մեր հայրենակիցներին առաջին հերթին դուր չի գալիս այս կամ այն չափով արտահայտված սապատը: Ժողովրդականությամբ երկրորդ գանգատը հիպերտրոֆիկացված և/կամ կախված քթի ծայրի առկայությունն է:
Բժիշկը նշում է, որ պլաստիկ վիրահատության օգնությանը ամենից հաճախ դիմում են կանայք: Իհարկե, տղամարդիկ դիմում են շատ ավելի հազվադեպ, քան կանայք, և եթե դիմում են, ապա առաջին հերթին քթով շնչառության լուրջ խնդիրների պատճառով: Կանանց մոտ սովորաբար առաջին տեղում ձևն է, և միայն հետո՝ ֆունկցիան:
Ի դեպ, աղջիկներին քթի պլաստիկա կարելի է անել արդեն 17 տարեկանից, իսկ տղաներին՝ միայն 18-ից: Դա կապված է տղամարդկանց մոտ սեռական հասունացման մի փոքր ավելի ուշ շրջանի հետ:
Խոսելով այն մարդկանց մասին, ովքեր, չունենալով առողջական որևէ խնդիր, դիմում են պլաստիկ վիրաբույժի, Գևորգ Յուրևիչն ասաց, որ ինքը միշт փորձում է սկզբում հետ համոզել նրանց:
Ինձ հաճախ են խնդրում սոցցանցերում.
— Նայեք իմ լուսանկարներին և ասեք՝ ինձ ռինոպլաստիկա պե՞տք է, թե՞ ոչ:
Բոլորին միատեսակ եմ պատասխանում.
— Պլաստիկ վիրահատություն պե՞տք է, թե՞ ոչ՝ դուք պետք է որոշեք: Այդ որոշումը չպետք է լինի հանկարծակի կամ դեպրեսիայի ֆոնին առաջացած: Այն պետք է լինի գիտակցված:
Խորհրդատվության ժամանակ ես միշտ սկզբում փորձում եմ հետ համոզել վիրահատությունից: Երբեմն ստացվում է 🙂
Եթե ոչ, ապա հաջորդում է քթի ապագա ձևի հստակեցումը: Պացիենտը պետք է հստակ պատկերացնի, թե ինչպիսի քիթ է ցանկանում ստանալ և ինչպիսի քիթ է հնարավոր ստանալ վիրահատության արդյունքում: Եթե այս երկու գործոնները չեն համընկնում, ապա ավելի լավ է վիրահատություն չանել: Նման դեպքերում մեծապես օգնում է քթի անվճար նախավիրահատական համակարգչային մոդելավորումը:
Այն հարցին, թե որքան հաճախ կարելի է քթի պլաստիկա անել, վիրաբույժը պատասխանեց.
Կրկնակի վիրահատությունները կարող են առանց հետևանքների իրականացվել միայն վիրահատությունից 1 տարի անց:
Դա կապված է այն փաստի հետ, որ սպիացման գործընթացներն ավարտվում են մեկ տարվա ընթացքում: Եթե վիրահատությունը կատարվի այս ժամկետից շուտ, բարդությունների առաջացման ռիսկը զգալիորեն մեծանում է:











































































































































































