Պլաստիկ վիրաբույժներին հաճախ են դիմում նրանք, ովքեր ցանկանում են ունենալ Մեգան Ֆոքսի, Էմբեր Հերդի կամ Էշլի Սիմփսոնի քթի նման քիթ։ Բայց գաղտնիք չէ, որ հայտնիներն իրենք հաճախ արմատապես փոխում են իրենց արտաքինը։ Նրանցից շատերին դուք չէիք ճանաչի մանկության լուսանկարներում, և ոչ այնքան տարիքային փոփոխությունների, որքան հաջողված վիրահատությունների շնորհիվ։ Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Եղիազարյանի հետ միասին գնահատում ենք հայտնիների ռինոպլաստիկայի արդյունքները։
Ռինոպլաստիկան վստահորեն պահպանում է իր տեղը ամենատարածված պլաստիկ վիրահատությունների շարքում, իսկ 2020 թվականին այն զբաղեցրեց առաջին տեղը։ Վիրաբույժների հնարավորությունները մեծ են. նրանք կարող են փոխել քթի մեջքի, ծայրի, քթանցքների ձևն ու չափը, փոքրացնել քթոսկրը, վերականգնել խաթարված շնչառությունը։ Միևնույն ժամանակ, ռինոպլաստիկան բարդ միջամտություն է։ Այն պահանջում է ոչ միայն բարձրագույն վիրաբուժական որակավորում, այլև բժշկի գեղարվեստական հայացք։
Որոշ հայտնիների բախտը չի բերել վիրաբույժների հարցում, և նոր քիթը միայն խնդիրներ է ավելացրել։ Մինչդեռ մյուսները վիրահատությունից հետո ստացել են իսկական գլուխգործոցներ։ Պատմում ենք այն հայտնիների մասին, ում արտաքինի հետ կապված փորձարկումները օգուտ են բերել։
ՌԻՀԱՆՆԱ
Ռիհաննայի արտաքինը մշտական քննարկումների առարկա է։ Երգչուհին մարմինը զարդարում է նոր դաջվածքներով, չի դադարում փորձարկումներ անել մազերի երկարության, գույնի և կազմվածքի հետ։ Աստղը հերքում է պլաստիկ վիրահատությունները, սակայն մասնագետները միաձայն նշում են, որ Ռիհաննան, այնուամենայնիվ, արել է ռինոպլաստիկա։ Եթե համեմատենք երգչուհու կարիերայի արշալույսին արված լուսանկարները և ներկայիս լուսանկարները, նկատելի է, որ քիթը լրջորեն փոխվել է։ Այն դարձել է ավելի կոկիկ ու փոքր՝ հիանալիորեն համադրվելով դեմքի գծերի հետ։
ԷՄԲԵՐ ՀԵՐԴ

2016 թվականին պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան Էմբերին անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Նա դա որոշել է «Ոսկե հատում» ծրագրի օգնությամբ՝ դեմքի իդեալական համամասնությունները հաշվարկելու համար։
Այնուամենայնիվ, սկանդալային դերասանուհու գեղեցկությունը ոչ միայն լավ գենետիկայի, այլև պլաստիկ վիրաբույժների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Էմբերը չի ընդունում վիրահատությունների փաստը։ Բայց եթե նայենք տարբեր տարիների լուսանկարներին, ապա փոփոխություններն ակնհայտ են՝ քիթը դարձել է ավելի նեղ, անհետացել է թմբիկը։ Ի վերջո, գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ աշխարհի ամենագրավիչ կնոջ կարգավիճակը՝ առավել ևս։
ՎԻԿՏՈՐԻԱ ԲԵՔՀԵՄ

Եվս մեկ աստղ, ով հերքում է քթի ձևի փոփոխությունը։ Հայտնի դիմահարդար Վիկտորիա Թիլբերիի ամանորյա տեսահոլովակում երգչուհին հերթական անգամ մեկնաբանել է երկրպագուների ենթադրությունները։
Այնուամենայնիվ, շատ պլաստիկ վիրաբույժներ հակված են հակառակին. Բեքհեմն ազատվել է լայն թևերից և ստացել սիրուն, կոկիկ քիթ։ Հաստատապես պնդել, որ վիրահատություն եղել է, հնարավոր չէ, բայց հենց դրա մասին են վկայում հայտնիի լուսանկարները։
ԷՇԼԻ ՍԻՄՓՍՈՆ

Դերասանուհին չի թաքցնում, որ դիմել է ռինոպլաստիկայի։ Նա ազատվել է քթի «արծվային» ձևից, որը չէր զարդարում դեմքը։
Էշլին հաջողված պլաստիկայի արդյունքները ցուցադրել է 2007 թվականին։ Դա ցուցումներով արված վիրահատություն էր, այլ ոչ միայն հանուն գեղեցկության, ինչի մասին նա հաճախ է նշել հարցազրույցներում։ Աստղն ուներ շնչառական խնդիրներ, ուստի դիմել էր պլաստիկ վիրաբույժի։ Բժիշկը գերազանց կատարեց իր գործը և ոչ միայն վերականգնեց Էշլիի առողջությունը, այլև հարթեց քթի մեջքը, նեղացրեց ծայրն ու թևերը։ Արդյունքը գերազանցեց սպասելիքները։
ՆԻՔՈԼ ՔԻԴՄԱՆ

Նիքոլը ճանաչված գեղեցկուհի է և ոճի պատկերակ։ Թվում էր, թե նման կինը իր արտաքինում ինչ-որ բան շտկելու կարիք չունի։ Դերասանուհու քիթը միշտ եղել է նրբագեղ, ունեցել է գեղեցիկ մեջք և կոկիկ ծայր։ Սակայն, համեմատելով հայտնիի տարբեր տարիների լուսանկարները, թվում է, թե նրա քիթը դարձել է ավելի նեղ։ Նիքոլն ինքը չի մեկնաբանում ռինոպլաստիկայի թեման։ Հնարավոր է՝ վիրաբուժական միջամտություն, այնուամենայնիվ, եղել է, բամց ծայրահեղ նրբանկատ։ Բժիշկը ոսկերչական աշխատանք է կատարել, ինչի շնորհիվ դերասանուհու գեղեցկությունը դարձել է ավելի ազնվացեղ։
ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆ

Հայտնի «Ընկերները» սերիալի քասթինգը դերասանուհին անցել է դեռևս մինչև «թարմացումը»։ Նրան ընտրել էին իր սիրուն անմիջականության համար, որը համապատասխանում էր հարևանուհի աղջկա տիպարին։ Հանրաճանաչությանը զուգահեռ Ջենիֆերի վրա թափվեց քննադատությունների անխուսափելի տարափ՝ կարտոֆիլանման քիթ, սուր կզակ։ Հետո եղավ ամուսնալուծությունը Բրեդ Փիթից, ով հեռացավ Անջելինա Ջոլիի՝ աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի մոտ։ Ջենիֆերի վստահությունը սեփական արտաքինի հանդեպ խիստ տատանվեց, և նա որոշեց դիմել պլաստիկ վիրահատության։
Դերասանուհու առաջին ռինոպլաստիկան եղել է 2006 թվականին, սակայն նրա նոր քիթը լայն տեսք ուներ, ծայրն ու քթանցքները՝ մեծ։ Աստղը որոշեց դիմել երկրորդ վիրահատությանը։ Այժմ Ջենիֆերի պրոֆիլը շատ ավելի նրբագեղ տեսք ունի։
ՔԵՄԵՐՈՆ ԴԻԱԶ

Դերասանուհին ակտիվորեն կողմնակից է բնական գեղեցկության հայեցակարգին։ Նա առօրյա կյանքում գրեթե չի դիմահարդարվում և դեմ է պլաստիկ վիրահատություններին։ Այնուամենայնիվ, աստղը քթի պլաստիկա է արել ամբողջ չորս անգամ։
Քեմերոնի քիթը միշտ էլ սիրուն է եղել, բայց նա ստիպված է եղել դիմել վիրահատության բժշկական ցուցումներով։ Հայտնին, ով տարված է սերֆինգով, մեկ անգամ չէ, որ կոտրել է քիթը։ Դրան նախկին ձևը վերադարձնելու և ազատ շնչառությունը վերականգնելու համար դերասանուհին դիմել է վիրաբույժների։ Բժիշկը քթի մեջքը դարձրել է ավելի նուրբ, իսկ մնացած առումներով ձևը մնացել է անփոփոխ։ Միանշանակ ոսկերչական աշխատանք է։
ՄԵԳԱՆ ՖՈՔՍ

Դերասանուհին չի ամաչում պատմել այն մասին, որ իր արտասովոր գեղեցկությունը պլաստիկ վիրահատությունների արդյունք է։ Սա հենց այն դեպքն է, երբ վիրաբույժներին հաջողվել է ստեղծել իսկապես իդեալական արտաքին։ Մեգանն ունեցել է լայն քիթ՝ կախված ծայրով։ Աստղը երեք անգամ արել է ռինոպլաստիկա։ Վիրաբույժները հեռացրել են թմբիկը, նեղացրել քթի մեջքը և բարձրացրել ծայրը։ Այժմ քթի ձևը կատարելապես համապատասխանում է Մեգանի դեմքի նեղ օվալին՝ կանացի է, տաշած, նուրբ քթանցքներով։
Այսօր ոչ մեկին չես զարմացնի նոր քթով, շուրթերով կամ կրծքով։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել պլաստիկային, բայց չի կարելի չընդունել, որ վիրաբույժների ջանքերի շնորհիվ շատ աստղեր ձեռք են բերել ինքնավստահություն և իրենց երազանքի արտաքինը։
GRAZIA-ն նորաձևության, աստղերի, գեղեցկության և կենսակերպի մասին տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր է՝ շաբաթաթերթի, կայքի և բոլոր հանրահայտ սոցիալական ցանցերի ձևաչափով։











































































































































































