Պատմություն քթի մասին

Քանի որ ես վերջնականապես հոգնեցի իմ բոլոր ընկերներին և ծանոթներին մեկ առ մեկ պատասխանել «ինչպե՞ս անցավ վիրահատությունդ» հարցին, որոշեցի բոլորի համար միանգամից, կետ առ կետ պատմել վիրահատական և հետվիրահատական շրջանի մասին:

Նախ ասեմ, որ բուն վիրահատության գործընթացը ես այնքան էլ հստակ չեմ հիշում, որովհետև ամենահետաքրքիր պահին, երբ սկսեցին կտրել քիթս, ես պատահաբար նիրհեցի ու, ինչպես միշտ, ամեն ինչ բաց թողեցի…!!!

Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ անզգայացումը բավականին ծիծաղելի բան է (արդեն պատկերացնում եմ մորուքավոր, ակնոցով լուրջ բժիշկների վրդովված հայացքը, ովքեր բարկացած ձայնով ինձ ասում են. «բալիկս, անզգայացման հետ կատակ չեն անում»):

Քանի որ իմ բախտը շատ էր բերել բժշկիս հարցում, ով ինձ շատ գունեղ ու զգուշորեն պատմել էր ողջ վիրահատության մասին, ինձ մնում էր միայն մեծ հետաքրքրությամբ և անհամբերությամբ սպասել այդ օրվան:

Երկար սպասված ուրբաթը վրա հասավ։ Տրամադրությունս այնպիսին էր, կարծես զբոսանքի էի պատրաստվում. առավոտյան ժամը 10-ին արդեն հիվանդանոցում էի, տրամադրությունս նախկինի պես հիանալի էր, ինչ-որ շատ ուրախ երգեր մրմնջալով՝ ես իմ ոտքով մտա վիրահատարան, հնարավորինս հարմար տեղավորվեցի վիրահատական սեղանին, կարծես հիմա ֆիլմ էին ցուցադրելու: Մի շատ բարի քեռի-անեսթեզիոլոգ ձեռքերիս միացրեց ինչ-որ սարքեր, որոնք կոչվում էին կաթիլայիններ, և հանկարծ այդ սարքերն սկսեցին աշխատել…. տրամադրությունս ավելի բարձրացավ, սև հումոր, Քեռի Նարկոզովիչն ինձ աջակցում է, ողջ թափով ծաղրում ենք քիթս, գլուխս պտտվում է, մի կետից մյուսն եմ նայում՝ կադրը կանգ է առնում և…. վերջ՝ լիակատար անջատում։ Ինձնից այնքան աղմուկ էր գալիս, որ խեղճ Քեռի Նարկոզովիչը հավանաբար դեռ երբեք այսպես չէր գնահատել լռության րոպեները։ Ինձ կարծես վարդակից անջատեցին, ավելի ճիշտ՝ անջատիչից, իսկ ավելի ճիշտ՝ հենց Ատոմակայանից։

Հազիվ էի աչքերս բացել, ինչ-որ մեկն ինձ վիրահատական սեղանից քշում էր դեպի հիվանդասենյակի մահճակալ։ Այս շրջանն այնքան էլ լավ չեմ հիշում, քանի որ ինձնից անկախ քնում և արթնանում էի, և ամեն անգամ, երբ աչքերս բացում էի, հիվանդասենյակում նոր խումբ էր հայտնվում՝ յուրատեսակ աջակցության խումբ, ինչն անկեղծ ասած մի փոքր նյարդայնացնում էր, որովհետև նրանք ինձ այնպիսի հայացքով էին նայում, կարծես ինձ առնվազն ոտք էին անդամահատել, երիկամներ փոխպատվաստել, ամբողջ մարմնիս պլաստիկ վիրահատություն արել և առհասարակ փոխել մաշկիս գույնը։ Նյարդայնացնում էր նաև այն, որ ամեն անգամ արթնանալիս ես ոչ մի կերպ չէի կարողանում աչքերս բացել, որովհետև դրանց վրա դրված էին ինչ-որ անհասկանալի, նրբերշիկների նմանվող, սառը բաներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, նրա համար էին, որ աչքերս չուռչեն: Անհանգստացնում էր կոկորդի տհաճ ցավը, ինչպես անգինայի ժամանակ, և բացի այդ, շատ ուտել էի ուզում, որովհետև առավոտվանից ոչինչ չէր կարելի ուտել, իսկ վիրահատությունից հետո խեղճ ծնոտս մարդկայնորեն ի վիճակի չէր ինչ-որ բան ծամել, և դրա համար ինձ կերակրում էին ինչ-որ հիմար մթերքներով, օրինակ՝ յոգուրտով (յոգուրտը և փիլիսոփայության ուսուցչուհուն հավասարապես չեմ սիրում):

Հաջորդ օրն ինձ պետք է դուրս գրեին, բայց դրանից առաջ ինձ սպասվում էր ամենասարսափելին՝ ՏԱՄՊՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ: Եվ չնայած նրան, որ բժիշկը խոստացել էր, որ ցավոտ չի լինի, ես մեկ է՝ ասես կամավոր էլեկտրական աթոռին էի նստում: Չգիտեմ և չեմ հիշում, թե նա ինձ ինչ էր ասել այնտեղ, բայց հիշում եմ, որ մեկ, երկու, առաջին տամպոնը չկա, մեկ, երկու, երկրորդն էլ չկա, քթիս մեջ խուտուտ է գալիս, ոչինչ չի ցավում… ես անգամ վիրավորվեցի, չէ՞ որ ես իմ ողջ գիտակից կյանքում ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստվել էի այս պահին՝ իսկ ինձ նույնիսկ տառապելու հնարավորություն չտվեցին:

Եվ այսպես, ես արդեն տանն եմ։ Աչքերս գրեթե չեն երևում, քթիս տակ արյունից կարմրած վիրակապ է, դեմքս ուռած է, մի խոսքով, ես ասես անորակ սարսափ ֆիլմի կերպար լինեմ։

Անցավ մի քանի օր։ Իմ՝ արդեն շատ սիրելի բժիշկը, կարողացել էր ողջ վիրահատությունն այնքան կոկիկ անել, որ ես բացարձակապես ոչ մի ցավ չունեի։ Եվ այսպես, ես պառկած եմ անկողնում, ինձ չի կարելի ոչ մի ծանրաբեռնվածություն, ոչինչ չի ցավում, այսինքն՝ անելու բացարձակապես ոչինչ չկա… իսկ ինձ ի՞նչ է մնում: Դե իհարկե, նայել հայելու մեջ և մեռնել ծիծաղից: Դա պետք էր տեսնել. տպավորությունն այնպիսին էր, կարծես մայրս ուզբեկի և մոնղոլուհու խառնուրդ լիներ, իսկ հայրս՝ առհասարակ կարմրամորթների առաջնորդ!!!

Դե իսկ լիակատար երջանկության համար ինձ պակասում էր միայն վիրուսային գրիպը: Ես սկսեցի ողջ թափով փռշտալ և հազալ, իսկ փռշտալ չէր կարելի… Այն ժամանակ ինչ-որ մեկն ինձ ասաց, որ եթե լեզուդ կծես՝ փռշտալդ կկտրվի (ես հավանաբար շատ սրտին մոտ էի ընդունել այս մեթոդը, և դրա համար ես ոչ թե կծում էի, այլ պոկում էի լեզուս), իսկ բժիշկս ասաց, որ պետք է սեղմել քթարմատը, որպեսզի չփռշտամ։ Իհարկե, վստահելով բժշկին, բայց չկորցնելով լեզուս կծելու սովորությունը՝ ստացվում էր բավականին ծիծաղելի տեսարան: Պատկերացրեք՝ նախափռշտոցային դեմք (նոր բառ), մինչև գլխուղեղ սեղմված քթարմատ և ողջ ուժով խածնված լեզու։ Ափսոս, որ բժիշկն ինձ այդ պահին չտեսավ, տեսարանը հաստատ նրան դուր կգար:
Անցավ մեկ շաբաթ և կրկին ուրբաթ է, գնում եմ վիրակապման: Գործընթացը բացարձակապես ցավոտ չէր, հակառակը՝ ես շատ ուրախ էի, որովհետև մանկական անակնկալի գույնի այս ջերմապլաստմասսան (վիրահատությունը միանշանակ հարստացրեց իմ բառապաշարը) վերջապես կհանեն, և դրա փոխարեն ջերմապլաստմասսա, բայց… ուշադրություն… ֆանֆարներ… սուպերոճայիննորաձևսքանչելի յասամանագույն!!! Դե գտեք ինձ մի պլաստիկ վիրաբույժի, ով մտածում է իր պացիենտների քթի գույնի մասին:

Երկրորդ շաբաթն ավելի արագ անցավ, որովհետև այտուցները գրեթե իջել էին, ինձ վերադառնում էր մարդկային կերպարանքը, և ես երբեմն դուրս էի գալիս, իսկ անցորդների արձագանքների մասին կարելի է 3 գիրք գրել: Նախ ասեմ, որ քթիս վրայի յասամանագույն իրի հետ միասին զգեստապահարանումս հայտնվեցին յասամանագույն շարֆեր, բաճկոններ և այլն, և մի կին, շատ երկար ուսումնասիրելով իմ յասամանագույն բլուզի և վիրակապի համապատասխանությունը, ի վերջո չդիմացավ և հարցրեց. «Ասա, իսկ դու բլուզիդ ամեն գույնի հետ առանձի՞ն վիրակապ ունես»։

Ինձ զանգահարում էին մեծահասակ մորաքույրներ, ովքեր իմ տարիքում քթի պլաստիկա էին արել (դե դա եղել էր մոտավորապես մ.թ.ա. 349 թվականին, երբ մարդկանց քիթը ողջ-ողջ կոտրում էին մսի մուրճով՝ պլաստիկ վիրահատություն անելու համար:) և մխիթարում էին ինձ՝ ասելով, որ գիտեն՝ ինչ սարսափելի ու անտանելի ցավ է դա, որ իրենք էլ են վերապրել այդ ամենը և որ գիտեն՝ ինչ դժոխք է, երբ հեռացնում են տամպոնները (չգիտես ինչու՝ չէին հավատում, երբ ասում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ցավում), և վերջում խոստանում էին, որ 2 ամսից ցավերը զգալիորեն կմեղմանան: Ինձ շատ անհարմար էր, քանի որ գաղափար չունեի, թե ինչի մասին են նրանք խոսում, և ելնելով քաղաքավարությունից՝ համաձայնում էի բոլոր այն ցավերի հետ, որոնք նրանք փաթաթում էին քթիս վզին:
Կրկին եկավ իմ սիրելի ուրբաթը։ Ամեն ուրբաթ բժշկի այցելելն ինձ մոտ ծես էր դարձել, բնության կանչ: Դե, մինչ ուրբաթ Քթիս և իմ միջև, իհարկե, կային փոքրիկ տեխնիկական անսարքություններ, օրինակ՝ իմ ուրբաթօրյա ծեսից 2 ժամ առաջ արթնացա և տեսա, որ յասամանագույն գիպսը շատ կոկիկ դրված է բարձիս վրա, և ամենածիծաղելին այն է, որ քնաթաթախ վիճակում մտածեցի, թե քիթս պոկվել է:
Երկար չմտածելով՝ ես այն սոսնձեցի տեղը և գնացի բժշկի!!! Քանի որ իմ շատ, շատ բարի բժիշկը հավանաբար հենց հիմա կարդում է այս պատմությունը, չեմ հիշի այս բոլոր ծիծաղելի անսարքությունները, որովհետև նա կունենա բոլոր արգումենտներն ինձ կախելու և ասելու, որ այդպես էլ կար:

Դե վերջին շաբաթն անցավ գրեթե ակնթարթորեն՝ քթիս վրա փոքրիկ վիրակապով, իսկ արդյունքում… նոր, գեղեցիկ քիթ, ծանոթություն լավագույն պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յուրևիչի հետ, ում հետ նաև շատ ուրախ և հաճելի է շփվելը, և իհարկե, 3 շատ ծիծաղելի շաբաթ!!!

Հ.Գ. Եթե ձեզնից որևէ մեկը երբևէ որոշի պլաստիկ վիրահատության դիմել, ապա համարձակորեն գնացեք իմ բժիշկ Գևորգ Յուրևիչի մոտ. հիանալի արդյունք և բոնուս՝ մի քանի ուրախ շաբաթ, ես ձեզ երաշխավորում եմ, հակառակ դեպքում՝ ես ձեզ կվերադարձնեմ ձեր նախկին քիթը!!!

Նախքան և հետո

Էմոցիաներ և կարծիքներ

Նույնիսկ մայրիկս խնդրեց «առաջ» լուսանկարը նայել
Վստահություն վարպետությանը և փորձին
Նույնիսկ մայրիկս խնդրեց «առաջ» լուսանկարը նայել
Վստահություն վարպետությանը և փորձին